Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխիի հետ:
Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Սիսակ Գաբրիելյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը շարունակական կլինի:
Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մշտապես զգացել են ջերմություն բարեկամ երկրի կողմից: Նա շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ՝ մաղթելով հաջողություններ:
«Մենք համագործակցության շատ հզոր հիմքեր ունենք»,- ասել է Մարիամ Լաշխին եւ համոզմունք հայտնել, որ համատեղ կիրականացվեն նախանշված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը:
Սիսակ Գաբրիելյանը խոսել է 2025թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ: Նա բարձր է գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցության համար:
Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները, խոսել ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, վերջիններիս աշխատավարձերի բարձրացման գործընթացի մասին:
Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող եւ իրականացվելիք կրթական, մշակութային իրադարձություներին, պաշտոնական փոխայցերին: Նշվել է, որ ակտիվ եւ հաջող փոխհամագործակցությունը, համատեղ իրականացվող միջոցառումները մեծապես նպաստում են բարեկամության, միջմշակութային համագործակցության խորացմանը, տարածաշրջանային փորձի փոխանակմանը: Կարեւորվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երիտասարդական համաժողովների կազմակերպումը երիտասարդական երկխոսության զարգացման եւ համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման տեսանկյունից:

























