Առնչություն չունեմ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ. Պատրաստվում եմ դատի տալ զրպարտիչ հայտարարությունների հեղինակներին. Բաբայան

Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի՝ վերջին օրերին հնչեցրած մեղադրանքներին։
Բաբայանը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում Կարապետյանի կողմից իր հասցեին հնչեցվող պնդումները, այդ թվում՝ այն, թե իբր ինքն առնչություն ունի Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին»,- գրել է Բաբայանը:

























