Նինան տուն ունի․ ծանր կյանքի պատմությունը փոխվեց ապրելու հույսով
Լոռու մարզի բնակչուհի Նինայի կյանքի ամենածանր շրջափուլը, կարծես, հաղթահարված է։ Տարիներ շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելուց հետո, այսօր նա ունի սեփական տանը ապրելու հնարավորություն։
Նինան երկու տարեկանում է հայտնվել Վանաձորի մանկատանը։ Նրա կյանքը երբեք հեշտ չի եղել։ Այսօր նա ունի չորս երեխա, և բոլորն ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Չորս տարի առաջ մահացել է նաև նրա ամուսինը, ինչի հետևանքով միայնակ է դաստիարակում երեխաներին։
Տարիներ շարունակ ընտանիքն ապրել է խիստ անբարենպաստ սոցիալական պայմաններում։ Բայց, ինչպես նշում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, նպատակ է ունեցել Նինայի տխրության արցունքները փոխարինել ուրախության արցունքներով։ «Ստացվեց», – ասում է մարզպետը։
Այսօր Նինան սեփական տանն է։ Սա պարզապես բնակարան չէ։ Սա կյանքի նոր սկիզբ է մի կնոջ ու նրա չորս երեխաների համար, ովքեր օրեր առաջ դեռ չունեին վստահություն վաղվա օրվա նկատմամբ։


























