Երևանում առգրավվել և ոչնչացվել է 1859,9 կգ միս․ ՍԱՏՄ-ի ղեկավարն ընդունել է ԳՈւՄ–ի շուկայի մսավաճառների

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքները ցույց են տվել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վճռականորեն է տրամադրված ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում թույլ չտալու հարցում: Երկշաբաթյա մշտադիտարկումների արդյունքում, որին հետևել-մասնակցել է նաև Տեսչական մարմնի ղեկավարը, միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք:
Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին:
Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը և իրենք, ստիպված, ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք: Առաջարկում էին գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ:
Պարոն Պետրոսյանը հստակեցրել է. խնդրի լուծման հասցեատերը հենց վաճառքի կետերն են: «Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի: Այլընտրանք չկա»,- շեշտել է ՍԱՏՄ ղեկավարը:
ՍԱՏՄ-ն շարունակելու է վերահսկողությունը ոչ միայն ԳՈՒՄ-ի տաղավարներում, այլև՝ ողջ հանրապետությունում։
Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին՝ հարգել իրավական ակտերի պահանջները, իսկ սպառողներին՝ միս գնել միայն այն դեպքում, երբ վստահ են դրա սպանդանոցային ծագման վրա։
Աղբյուր՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայք




























