Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում:
Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԻԻՀ նախագահի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխհամագործակցության զարգացմանը, մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը։
Հանդիպմանը քննարկվել են
Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգի անցկացումը,
Իրանի ազգային գրադարանում հայկական անկյուն բացելու նախաձեռնությունն ու այնտեղ Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքերի ներկայացումը,
Կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով պատմական ընդհանրություններն ու ոլորտային զարգացման առանձնահատկությունները,
Երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները,
Հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը:
. Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման համատեքստում ընդգծել հատկապես մշակութային կապերի ընդլայնումը:
Մանրամասները ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/am/news/30772
























